Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում տեղի ունեցածի շուրջ «Ազատությունը» զրուցել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հետ:
«Ազատության» հարցին՝ ինչպե՞ս եք գնահատում միջադեպը՝ հաշվի առնելով, որ ՀՀԿ-ի նախընտրական կարգախոսը հենց այդպիսին է՝ «Անվտանգություն և առաջընթաց», Արմեն Աշոտյանը պատասխանել է. «Խնդիրը գտնվում է բացառապես իրավապահ մարմինների իրավական, օրենսդրական կարգավորումների դաշտում: Քաղաքական տեսակետից, բնական է, որ ՀՀԿ-ն դատապարտելի է համարում Ընտրական օրենսգրքի ցանկացած խախտում և առհասարակ օրենսդրության ցանկացած խախտում: ՀՀԿ-ն կարիք չունի օրենքների խախտումով իրականացնելու քարոզարշավ և գնալու ընտրությունների:
Բուն միջադեպի հետ կապված պատճառահետևանքային կապերը, կարծում եմ, հետաքննությունը ցույց կտա, և քաղաքական գնահատականներ հնչեցնելու կարիք այս պահին բացարձակապես չկա, քանզի հարցը բացառապես իրավապահ մարմինների լիազորությունների ներքո է: Քանիցս հնչել է ՀՀԿ-ի կողմից հորդոր և իր կողմնակիցներին, և մնացած բոլոր ուժերին՝ զերծ մնալ այն գործողություններից, որոնք կարող են ստվեր գցել քաղաքական այս գործընթացի վրա: Միաժամանակ մի հանգամանք էլ հաշվի առնենք՝ բացարձակապես չեմ ուզում շեշտադրել տվյալ դեպքը, բայց առհասարակ չի կարելի բացառել, որ համայնքներում կան տարբեր բնակիչների, քաղաքացիների միջև վաղուց կուտակված որոշակի խնդիրներ, որոնք կարող են ընտրությունների առիթով ևս մեկ անգամ սրվել: Եվ այդ սրացումները կապել քաղաքական գործընթացների հետ, կարծում եմ, այդքան էլ ճիշտ չէ: Բոլոր դեպքերում սպասենք իրավապահների գնահատականին: Այս դեպքից սարքել քարոզչական կամ հակաքարոզչական ինչ-որ արտառոց դեպք, կարծում եմ, ճիշտ չէ, որովհետև, այո, դեպքը արտառոց է, բայց քարոզչության մեջ օգտագործվելիք չէ, որովհետև բոլորը պետք է հավասար լինեն օրենքի առջև»: